Բաժին. Պաշտոնական

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատվիրակության անդամները հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ

Մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի գլխավորած պատվիրակության անդամները ԼՂՀ կատարած այցի երկրորդ օրը հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Արտակ Ալեքսանյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնն է փոխանցել Սուրեն Գրիգորյանին և շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ԼՂՀ կատարած այցի ոլորտներին ու նպատակներին: Արտակ Ալեքսանյանը նշել է, որ Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության հիմքում ևս Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագիրն ու համագործակցության ծրագիրն է: Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ևս իր ողջույնն է փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և նշել, որ բոլոր նախադրյալները կան ԼՂՀ շրջանների և Երևանի վարչական շրջանների համագործակցությունն առավել սերտ դարձնելու համար:

Ստեփանակերտի քաղաքապետարանին նվիրաբերվել է համակարգիչ, ցուցաբերվել է տեխնիկական բնույթի այլ աջակցություն: Կրթական, սոցիալական և այլ ոլորտների պատասխանատուները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: Երևանյան պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ են դրել Ստեփանակերտի հուշահամալիրում:

Share