Բաժին. Պաշտոնական

Տեղի է ունեցել աշխատանքային խմբի անդրանիկ նիստը

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների, ՀՀ ֆինանսների, պաշտպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ ապրիլի 21-ին տեղի է ունեցել բյուջետային ծրագրերի կատարողական հիմնական ցուցանիշների մշակման և բարելավման աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբի հիմնական նպատակն է բյուջեում ոչ ֆինանսական ցուցանիշների մշակումը: Նիստին մասնակցել են ոստիկանության, արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունների փորձագետներ:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ որպես աշխատանքային խմբի ղեկավար, ողջունել է աշխատանքային խմբի անդրանիկ նիստի մասնակիցներին, կարևորել ծրագրային բյուջետավորման ուղղությամբ կատարվող աշխատանքները:

Պարոն Նահապետյանը տեղեկացրել է, որ 2018 թվականից ամբողջությամբ անցում է կատարվելու ծրագրային բյուջետավորման, ինչը ենթադրում է բյուջեի մասին օրենքի նախագծի ամբողջական փոխակերպում, որի արդյունքում բյուջեում անդրադարձ կլինի համապատասխան ոլորտների քաղաքականությանն առնչվող բոլոր տարրերին:

Կորյուն Նահապետյանը նշել է, որ վերջնական արդյունքում կատարողական հիմնական ցուցանիշների ձևավորումով կբարելավվի բյուջեի ձևավորումը և այն կդարձվի առավել իրատեսական: Պարոն Նահապետյանը ներկայացրել է ՀՀ ոստիկանության, արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրված այն ուղղությունները, որտեղ աշխատանքային խումբը պետք է իրականացնի ուսումնասիրություններ՝ այն է՝ հասարակական կարգի պահպանություն և անվտանգության ապահովում, ճանապարհային երթևեկության անվտանգության կազմակերպում, իրականացում և ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելում, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության և մոնիթորինգի ծառայություններ, զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ, պաշտպանության բնագավառի բարձրագույն և մասնագիտական կրթություն:

Մասնակիցները քննարկել են նաև կազմակերպչական խնդիրներ, որոշել հաջորդ նիստի օրակարգը:

Կորյուն Նահապետյանի խոսքով՝ իշխանության յուրաքանչյուր օղակ պետք է փոխկապակցված աշխատի աշխատանքային խմբի հետ գործընկերության սկզբունքի հիման վրա՝ հասնելու հաջողության:

Share