Բաժին. Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանն ընդունել է ԻԻՀ տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հոկտեմբերի 15-ին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիին: Ողջունելով իրանցի պաշտոնակցին՝ Գագիկ Բեգլարյանը հույս հայտնեց, որ երկկողմ այցերն ու սերտ համագործակցությունը կակտիվացնեն հայ-իրանական գործընկերությունը տրանսպորտի ոլորտում՝ նշանակալի շահ բերելով երկու պետությունների տնտեսություններին:

«Մեր ժողովուրդներն աշխարհին հայտնի են իրենց աշխատասիրությամբ, ստեղծագործ մեծ փորձով, այդ հանգամանքը ևս մեր երկկողմ հարաբերություններում պետք է գերակշիռ լինի»,- նշեց նախարարը:

Աբբաս Ախունդին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և կարևորեց Հայաստանի ու Իրանի միջև արդեն գոյություն ունեցող բազմամյա բարիդրացիական կապերն ու գործնական շփումները:

«Մեր պետությունները դարեր շարունակ եղել են մեկ քաղաքակրթության մեջ և մենք նոր հարաբերություններ, կապեր հաստատելու խնդիր չունենք, պարզապես պետք է դրանք խորացնենք: Այս հանգամանքը ավելի է հեշտացնում մեր աշխատանքը: Մեր շահերը փոխադարձ են մի շարք ոլորտներում, այդ թվում՝ գործարար հարաբերություններում: Հայաստանը՝ որպես ցամաքային երկիր, հնարավորություն ունի Իրանի տարածքով դուրս գալ դեպի ծով: Իսկ Իրանը Հայաստանի միջոցով կարող է մուտք գործել ԵԱՏՄ շուկաներ, ինչպես նաև Սև ծով»,- ասաց Իրանի Իսլամական Հանրապետության տրանսպորտի և քաղաքաշինության նախարարը:

Հանդիպման ընթացքում՝ նախարարներն անդրադարձան Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծին, ինչպես նաև ավտոմոբիլային բարձրակարգ ճանապարհային ենթակառուցվածքների ծրագրերին, մասնավորապես, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին՝ երկուստեք կարևորելով դրանց դերը տարածաշրջանային համագործակցության և տնտեսական զարգացման գործում:

Հանդիպման ավարտին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարը իրանցի պաշտոնակցի կողմից հրավեր ստացավ այցելելու Իրանի Իսլամական Հանրապետություն:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար և նշեց, որ առաջիկայում անպայման կնախատեսի նման այց:

Share