Բաժին. Պաշտոնական

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փետրվարի 16-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին: Վրացի դիվանագետն ավարտում է իր 5-ամյա դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Գագիկ Բեգլարյանը ողջունեց հյուրին և շնորհակալություն հայտնեց նախարարության հետ դեսպանատան սերտ աշխատանքի համար: Նախարարը նկատեց, որ կապի և տրանսպորտի ոլորտում հայ-վրացական գործակցությունը վերջին 5 տարիներին նոր մակարդակի է բարձրացել: Գագիկ Բեգլարյանը կարևորեց դեսպանի մեծ ներդրումը երկու երկրների պետական սահմանին՝  Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում, Բարեկամության կամրջի կառուցման վերաբերյալ համաձայնագրի ստորագրման գործում: Հիշեցնենք, որ Դեբետ գետի վրա կամուրջ կառուցելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2014թ.-ին Երևանում՝ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կառավարությունների միջև:

Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին նշեց, որ իր դեսպան աշխատելու ընթացքում երկու երկրները համատեղ կատարել են մի շարք աշխատանքներ, հասել նշանակալի հաջողությունների տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կապի և տրանսպորտի ոլորտում: Դեսպան Շարմանաշվիլին ասաց, որ մեծ սիրով ու պատասխանատվությամբ է կատարել իր դիվանագիտական առաքելությունը, իսկ Երևանն իր համար վերջին 5 տարիներին հարազատ տան պես է դարձել:

Հանդիպման ավարտին նախարարը մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնեց վրացի դիվանագետին՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

Share