Բաժին. Պաշտոնական

Վարչապետն ընդունել է իտալական Ա. Ջեմելլի համալսարանական հիվանդանոց հիմնադրամի նախագահին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է իտալական Ա. Ջեմելլի համալսարանի բժշկական ֆակուլտետի դեկան և հիմնադրամի խորհրդի նախագահ Ռոկկո Բելլանտոնեին: Կառավարության ղեկավարը կարևորել է հիմնադրամի հետ համագործակցությունը և նշել, որ վերջինիս ճանաչելիությունը որպես գերազանցության կենտրոն, շուրջ քառասուն երկրների հետ համագործակցության փորձը խոսուն փաստ է: Ընդգծելով, որ Հայաստանի անկախության առաջին իսկ տարիներից առողջապահության բնագավառում Իտալիայի հետ ակտիվ համագործակցություն է ծավալվել, վարչապետը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը հետաքրքրված է բարեկամ Իտալիայի հետ տնտեսական կապերի ամրապնդմամբ, այդ թվում՝ առողջապահության ոլորտում փոխգործակցության զարգացմամբ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ պատրաստ է աջակցել յուրքանչյուր նախաձեռնության, ինչը կնպաստի հայ-իտալական տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Պարոն Բելլանտոնեն շնորհակալություն է հայտնել վարչապետին ջերմ ընդունելության համար և վստահություն հայտնել, որ իր գլխավորած պատվիրակության այցը Հայաստան նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցության զարգացմանը, համատեղ ծրագրերի իրականացմանը: Այնուհետև, Ռոկկո Բելլատոնեն ներկայացրել է իր գլխավորած հիմնադրամի գործունեությունը, հայ գործընկերների հետ համագործակցության նախագծերն ու ծրագրերը:

Վարչապետ Աբրահամյանը ողջունել է ՀՀ առողջապահության նախարարության և հիմնադրամի միջև համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ նախատեսվում է մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացնել ինստիտուցիոնալ բարեփոխումներ և այդ առումով կարևորել նաև իտալական կողմի հետ փորձի փոխանակումը:

Share