Բաժին. Պաշտոնական

Այսօր կստորագրվի ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի համագործակցության հուշագիրը

Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ-ի միջև համագործակցության հուշագիրը կստորագրվի փետրվարի 24-ին: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Հուշագիրն այսօր կստորագրենք, այն կհրապարակվի, և դուք կտեսնեք այն բոլոր ուղղությունները, որտեղ մենք համագործակցելու ենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:

Նա հավելեց, որ բոլոր հարցերն արդեն հստակեցված են: «Սպասեք, թող ստորագրվի, կխոսենք, կներկայացնենք մեր պատկերացումները: Բոլոր հարցերը հստակեցվելու են, չի մնալու մի հարց, որն անպատասխան կմնա: Ամեն ինչ հրապարակային է լինելու: Ձեզ էլ խնդրելու ենք, հետևողական լինել, որ այն, ինչ համաձայնեցրել ենք, իրականություն դառնա: Դուք էլ բոլոր կողմերը ուսումնասիրեք, ընկալեք ու ստիպեք, որպեսզի համագործակցող կողմերը իրականացնեն այն, ինչ ստորագրել են»,- ասաց Ռուսատմյանը:

Հարցին, թե ո՞ր հարցի շուրջ էին այսքան երկար բանակցում, Ռուստամյանը պատախսանեց. «Ես չեմ հոգնում ասել, որ սա մեծ հարցերի փաթեթ է, որոնք ուղղված են ապագային՝ ներքին և արտաքին բոլոր ոլորտներին: Այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնում: Այնպիսի հարց չկա, որ դուրս մնա մեր համագործակցության շրջանակներից»:

Share