Բաժին. Պաշտոնական

Ռոստուրիզմ․ Թուրքիան այս տարի բաց չի լինի ռուս զբոսաշրջիկների համար

Թուրքիան և Եգիպտոսը 2016 թվականին չեն բացվելու ռուս զբոսաշրջիկների համար:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եկատերինբուրգում ՏԱՍՍ-ի տեղեկատվական կենտրոնում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է Զբոսաշրջության գծով դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ռոման Սկորին:

«Հստակ Թուրքիան այս տարի չի բացվելու ռուս զբոսաշրջիկների համար: Իսկ Եգիպտոսում վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ամենայն հավանականությանբ, Եգիպտոսը եւս չի բացվելու», -ասել է Սկորին:

Նրա խոսքով` Եգիպտոս թռիչքների անվտանգությունը վերաբերվում է ոչ միայն Ռուսաստանին:

«Օրինակ` Մեծ Բրիտանիան եւ մի շարք եվրոպական երկրներ եւս դեռեւս չեն շտապում վերականգնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ: Անվտանգությունը` դա գլխավոր խնդիրն է, թիվ մեկ հարցը», -ասել է Սկորին:

ՌԴ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները հայտնվել են ճգնաժամում այն բանից հետո, երբ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական F-16 կործանիչը Սիրիայում խոցել է ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դա անվանել է ահաբեկիչների հանցակիցների կողմից «հարված թիկունքից»: Միջադեպից հետո ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել ազգային անվտանգության ապահովման գծով միջոցառումների եւ Թուրքիայի նկատմամբ հատուկ տնտեսական միջոցառումների մասին:

Ըստ Ռուսաստանյան ԶԼՄ-ների` Մոսկվայի կողմից 2016 թվականի հունվարի 1-ից Թուրքիայի դեմ իրականացվող պատժամիջոցների արդյունքում Թուրքիանն մոտ 10 մլրդ դոլարի վնաս կկրի:

Share