Բաժին. Պաշտոնական

ԼՂՀ վարչապետն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի տնօրենին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 29-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մի խումբ ներկայացուցիչների` հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը ողջունել է հիմնադրամի ներկայացուցիչների հերթական այցը Արցախ և նշել, որ այն նախորդներից տարբերվում է նրանով, որ ապրիլյան իրադարձություններից հետո առաջին այցելությունն է և արդեն առավել հեռանկարային խնդիրներ են հուզելու բոլորին: Տարիներ ի վեր Արցախում հիմնադրամի  կողմից իրականացվող ծրագրերը կարևորելով, կառավարության ղեկավարը նշել է. «Բանակի ամրության հիմքը հայրենասեր ու դաստիարակված քաղաքացին ու զինվորն է. հանրապետության համարյա բոլոր համայնքներում հիմնադրամի միջոցներով իրականացված` մանկապարտեզների ու դպրոցների վերակառուցման, ջրամատակարարման բարելավման, ճանապարհների վերականգման ծրագրերը նպաստել են բնակչության արտահոսքի կանխմանը,  ժողովրդագրական վիճակի բարելավմանը և առողջ ու դաստիարակված հայրենասեր սերունդ ունենալուն»: Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին շարունակական աջակցության համար:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարևորել է հայ բարեգործների պարբերական այցելությունները Արցախ` հիմնադրամի և կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալու տեսանկյունից: Նա հիմնադրամի ներկայացուցիչների անունից Արցախին միշտ աջակցելու և հայրենանպաստ ծրագրերի իրագործման պատրաստակամություն է հայտնել:

Հանդիպման ավարտին ներկաները իրենց մտահոգություններն են արտահայտել և տարբեր  հարցեր ուղղել կառավարության ղեկավարին: Ա. Հարությունյանը պարզաբանումներ է տվել հնչած հարցերին:

Հանդիպմանը ներկա էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի Արցախի ծրագրերի համակարգող Վալերի Ղազարյանը:

Share