Բաժին. Պաշտոնական

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նորանշանակ պետին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանին: Ներկայացնելով նրան՝ պարոն Հարությունյանը նշել է, որ Սերգեյ Ավետիսյանը պետական կառավարման ոլորտում մի շարք պաշտոններ է զբաղեցրել և ունի փորձ ու մասնագիտական կարողություններ՝ առաջադրված նպատակները կյանքի կոչելու համար: Անդրադառնալով ՀՀ ԿԱ ՔԱԳՎ առջև ծառացած նոր ռազմավարական խնդիրներին՝ Դավիթ Հարությունյանն առաջնահերթ է համարել հայկական ավիացիայի զարգացման ծրագրի վերանայումը և գործնական նոր ծրագրի մշակումը՝ հաշվի առնելով մեր երկրի նպաստավոր աշխարհագրական դիրքի ընձեռած առավելությունները:

Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ միասնական ջանքերի և համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի հասնել շոշափելի արդյունքների: Նա կարևորել է Արտյոմ Մովսեսյանի դերը և ներդրումը քաղաքացիական ավիացիայի զարգացման ոլորտում՝ նշելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ոլորտում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Share