Բաժին. Պաշտոնական

«Սկանդալային» քվեարկություն Վանաձորում. քաղաքապետ ընտրվեց Մամիկոն Ասլանյանը

Վանաձորում հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո ձևավորված նորընտիր ավագանու անդրանիկ նիստի ընթացքում  ավագանու անդամների փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ական Մամիկոն Ասլանյանը: Նա հավաքեց 19 ձայն, իսկ նրա մրցակից՝ ԼՀ կուսակցության թեկնածու Քրիստ Մարուքյանը՝ 14 ձայն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, առաջադրվել էր երկու թեկնածու` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից Քրիստ Մարուքյանը և ՀՀԿ-ն ներկայացնող Մամիկոն Ասլանյանը:

Քվեարկության մեկնարկից առաջ Վանաձորի ավագանու անդամները ոչ մի կերպ չէին կարողանում համաձայնության գալ քվեարկության կարգի վերաբերյալ: Մասնավորապես, թեժ բանավեճ էր գնում, թե ինչ գույնի գրիչով պետք է կայանա քվեարկությունը: Ի վերջո, երկար քննարկումների արդյունքում հաշվիչ հանձնաժողովը գրավոր կարգով սահմանեց, որ քվեարկությունը լինելու է կապույտ գույնի գրիչով, իսկ այլ գույնի գրիչով  քվեաթերթիկը կհամարվի անվավեր:

Քվեարկությունը երկար ժամանակ չէր մեկնարկում նաև այն պատճառով, որ կուսակցությունների ներկայացուցիչները, ովքեր ավագանու անդամ չեն, քվեարկության սենյակում էին և, ըստ հաշվիչ հանձնաժողովի անդամների, խանգարում էին քվեարկությունը սկսելուն:  Ի վերջո, երկար վեճերից և քննարկումներից հետո քվեարկությունը մեկնարկեց: Քվեարկությունը ևս առանջ միջադեպերի չանցավ: Ավագանու անդամներից մեկը քվեարկությունից հետո բաց քվեաթերթիկով դուրս եկավ խցիկից և դուրս գալուց հետո միայն սկսեց ծալել քվեաթերթիկը, ինչն առաջացրեց ավագանու ՀՀԿ-ական անդամների զայրույթը:Վանաձորի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածու Մամիկոն Ասլանյանը պնդում էր, որ կոպիտ խախտում է կատարվել, քանի որ քվեարկությունը պետք է ընթանա փակ և գաղտնի: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ ԼՀ-ն բաց է քվեարկու,մ, իսկ եթե որևէ մեկը կարծում է, որ դա օրենքի խախտում է, կարող է դիմել դատարան: Հաշվիչ հանձնաժողովի անդամները քննարկեցին միջադեպը և հայտարարեցին, որ հանձնաժողովի 5 անդամներից երեքը կողմ է քվեարկել, որ օրենքի խախտում չի եղել, քվեն անվավեր չէ, և քվեարկությունը պետք է շարունակվի: Քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն չհամաձայնեց հանձնաժողովի որոշման հետ՝ ընդգծելով, որ անօրինական որոշում է կայացվում: Նա «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմնակիցներին մեղադրեց քվեարկության բնականոն գործընթացը խաթարելու մեջ: Երկարատև բանավեճից հետո քվեարկությունը շարունակվեց: Բաց քվեարկած ավագանու անդամը հանձնաժողովի որոշմամբ հանձնեց իր քվեաթերթիկը, ստացավ նոր քվեաթերթիկ և կատարեց իր ընտրությունը:

Հոկտեմբերի 2-ի Վանաձորի ավագանու ընտրությունների արդյունքում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել էր 10 մանդատ, «Հայկական Վերածնունդը»` 5 մանդատ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 3 մանդատ: Հոկտեմբերի 8-ին Վանաձորում ստորագրվեց «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների համագործակցության հուշագիր, որի կետերից մեկը Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ԼՀԿ ավագանու ցուցակը գլխավորող համայնքի ղեկավարի թեկնածու Քրիստ Մարուքյանին պաշտպանելու մասին է:

Share