Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում դրանցից

Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերակազմավորման ձևով «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու նախագիծը: Քաղաքաշինության պետական կոմիտեի ղեկավար Նարեկ Սարգսյանը նշեց, որ նախագծով մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ են արվում, որոնց ընդհանուր գաղափարն աշխատակազմի և Քաղաքաշինության պետական տեսչության ստորաբաժանումների միավորումն է:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք վերակազմավորման ընթացքում կրճատումներ իրականացվում են: Պատասխանելով, Սարգսյանը նշեց. «Անպայման, պարոն վարչապետ: Խոշորացման, օպտիմալացման արդյունքում գոյություն ունեցող ստորաբաժանումները կրճատվում են»:

Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ բոլոր գերատեսչություններին  հանձնարարվել է ներկայացնել  առաջարկություններ՝ փոխելու իրենց կառավարման կառուցվածքը: «Երկրորդ, օպտիմալացում բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, որպեսզի օպտիմալացումը տարբեր կերպ չմեկնաբանվի: Գնում ենք ՊՈԱԿ-ների՝ բալաստից ազատման ճանապարհով: Հրաժարվում ենք այն գործառույթներից, որոնք անհասկանալի են: Ելնելով դրանից, քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օրվա ընթացքում զեկուցեք կրճատման մասին, որպեսզի միանգամից օպտիմալ համակարգին դուրս գանք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ գործադիրը պարզեցնում է կառավարումը և կրճատում, ՊՈԱԿ-ներից, ավելորդ կառույցներից ու ԾԻԳ-երից հրաժարվում:

«ՊՈԱԿ-ները կամ կենտրոնացնում ենք կամ հրաժարվում ենք դրանցից … այդ  ողջ ատրիբուտիկան, ամեն ինչը մաքրում ենք, մեզ պետք է ծախսերի կտրուկ նվազեցում»,- ասաց վարչապետը:

Share