Բաժին. Պաշտոնական

Դավիթ Հարությունյան. կառավարությունը քննարկում է փոխմարզպետների հաստիքները կրճատելու հարցը

Հայաստանի կառավարությունը քննարկում է փոխմարզպետների հաստիքները կրճատելու հարցը: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Էդմոն Մարուքյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարից հետաքրքրվեց՝ նոր կառավարությունը քննարկո՞ւմ է փոխմարզպետների հաստիքները կրճատելու հարցը, ինչի մասին ինքն առաջարկ է ներկայացրել թե նախորդ, թե ներկա կառավարությանը: Ըստ Մարուքյանի` փոխմարզպետների հաստիքները կարելի է դիտարկել ուռճացված ծախսերի համատեքստում:

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ Մարուքյանի գրավոր առաջարկի հիման վրա վարչապետ Կարեն Կարապետյանն արդեն մարզպետներին հանձնարարական է տվել ներկայացնել, թե որ մարզում քանի փոխմարզպետի հաստիք է գործում` ներկայացնելով նրանց աշխատանքի արդյունավետությունը: Նա նշեց, որ մարզպետների առաջարկից հետո նոր միայն վարչապետը կկայացնի որոշում այդ հաստիքների կրճատման վերաբերյալ: «Ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կստանաք ձեր առաջարկության պատասխանը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Share