Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. ապօրինաբար հարստացած պաշտոնատար անձիք պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում մի շարք հանձնարարականներ տվեց Արդարադատության նախարարությանը: Խոսելով ապօրինի հարստացումը քրեականացնելու մասին՝ Կարեն Կարապետյանն ասաց, որ այն բխում է կառավարության ծրագրից և վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին:

«Այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի ակտիվների աճն էականորեն գերազանցում է նրա օրինական եկամուտները, նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հանձնարարում եմ երեքշաբաթյա ժամկետում ապօրինի հարստացման քրեականացման վերաբերող նախագիծ ներկայացնել կառավարությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը։

Նա նշեց, որ ապօրինի հարստացման նախագծի հետ անհրաժեշտ է ներկայացնել կանխիկ գործառնությունները սահամանափակող օրենքի նախագիծ:

«Այսպես կոչված կեղծ փոխառությունները, կեղծ նվիրատվությունները հիմնականում կատարվում են կանխիկ եղանակով և գործընթացը դարձնում են սկզբունքորեն անվերահսկելի: Շատ դեպքերում պարզ չէ՝ արդյոք հայտարարագիր ներկայացրած անձն իրականում ստացե՞լ է հայտարարագրում նշված փոխառությունները, թե ոչ: Այս խնդիրների լուծման նպատակով հանձնարարում եմ ՀՀ արդարադատության նախարարին՝ Կենտրոնական բանկի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում կառավարության քննարկմանը ներկայացնել կանխիկ գործառությունների սահմանափակման օրենքի նախագիծ»,- նշեց վարչապետը։

Անդրադառնալով հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի կատարելագործմանը՝ վարչապետը նշեց, որ նախ և առաջ անհրաժեշտ է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի լիազորությունները՝ սահմանելով և՛ կրթական, և՛ կոռուպցիայի կանխարգելման գործառույթները: Վարչապետն արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ներկայացնել համապատասխան օրենսդրական նախագիծ:

Share