Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. ԼՂՀ կառավարությունը ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլեր է ձեռնարկում

Կարեն Կարապետյանը «ֆանտաստիկ ճիշտ և համարձակ» է համարում տնտեսական զարգացման ԼՂՀ Կառավարության քայլերը

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, թե ԼՂՀ Կառավարությունը «ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլեր է կատարել»՝ ԼՂՀ և ՀՀ վարչապետների նոյեմբերի 5-ի  համատեղ ասուլիսի ընթացքում մեկնաբանելով լրագրողների այն դիտարկումը, որ ԼՂՀ-ն 2015թ-ին ունեցել է  9,1% տոկոսի հասնող տնտեսական աճ, իսկ ՀՀ կառավարությանը՝ ոչ՝  այն դեպքում, երբ ՀՀ-ն կախում ունի ռուսական շուկայից, իսկ ԼՂՀ-ն ՀՀ-ի շուկայից:

«Այսօր ներկայացվել է, թե ԼՂՀ կառավարության կողմից ինչպես են աշխատել, իրականում համարում եմ, որ ֆանտաստիկ ճիշտ և համարձակ քայլ են արել, աճը տեսնում ենք ԼՂՀ-ում՝ հաշվի առնելով բիզնեսի ռիսկայնությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը։

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը բացատրեց, թե պետք է ԼՂՀ-ի ՀՆԱ-ի կառուցվածքին ուշադրություն դարձնել, և այդ փոփոխությունը կապ ունի հիդրոէներգետիկայի զարգացման հետ,  իսկ ՀՀ-ում նման փոփոխություն չկա, քանի որ այդ պոտենցիալն օգտագործել են հիմնականում 2008թ-ին:

Արայիկ Հարությունյանը նշեց, թե Արցախի Էներգետիկայի ոլորտում այս տարի ներդրվելու է մոտ 50 մլն դոլար: Զարգացման մեծ տեմպեր ունի նաև հանքարդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը:

«Չեմպիոն են, աճի հարցով չեմպիոնն են, նաև նորարար քայլերով են չեմպիոն»,-արձագանքեց Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՝ Արցախի կարևոր առանձնահատկությունն այն է, որ չեն վախենում ասել, թե ինչում են սխալվել:

Արայիկ Հարությունյանը նշեց, թե պետք է անհոգ լինել, քանի որ ԼՂՀ տնտեսական աճն իր ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա, որովհետև  այդ ներդրումներն արտադրվում են ՀՀ-ում և որպես ապրանք ներմուծվում ԼՂՀ:

«Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի դրայվերն է»,- ժպիտով ավելացրեց վարչապետը:

Share