Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել դեղերի շուկան

Հաշվի առնելով, որ կեղծված և նմանակված, կոնտրաֆակտ դեղերի շրջանառությունը բացասական ազդեցություն կարող է ունենալ հանրապետությունում դեղագործության ճյուղի զարգացման և շուկայում մրցակցային հարաբերությունների վրա՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ առողջապահության նախարարին երկշաբաթյա ժամկետում իրականացնել դեղերի շուկայի ուսումնասիրություն, իրավական կարգավորումների վերլուծություն և կառավարության աշխատակազմ ներկայացնել արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն՝ կցելով անհրաժեշտ քայլերի իրականացման ժամանակացույցը:

Իսկ բուժաշխատող-պացիենտ հարաբերություններում վստահության բարձրացման, հարգանքի և հոգատարության մթնոլորտ ձևավորելու, իրազեկվածության մակարդակը բարելավելու նպատակով գործադիրի ղեկավարն առողջապահության նախարարին հանձնարարել է. «Առաջին, մշակել և քսանօրյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով կկարգավորվեն բժշկական էթիկայի նորմերի հաստատման, կիրառման և այդ նորմերի համար պատասխանատվության ենթարկելու հետ կապված հարաբերությունները: Երկրորդ, եռամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկ՝ պետպատվեր իրականացնող հաստատությունների բուժաշխատողների անհատական գնահատման համակարգ ներդնելու վերաբերյալ, գնահատման արդյունքների հիման վրա դիտարկել բուժաշխատողների նկատմամբ խրախուսանքների միջոցներ կիրառելու հնարավորության հարցը»:

Share