Բաժին. Պաշտոնական

Կարեն Կարապետյան. չեմ եկել վեց ամիս աշխատելու, եթե արդյունք ցույց տանք, հանրությունը կհասկանա, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը 2018 թվականին իրեն տեսնում է վարչապետի պաշտոնում, եթե իր գլխավորած կառավարությունն էֆեկտիվ աշխատի ու պահանջված լինի: Վարչապետն այդ մասին նշեց կառավարությունում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե 2018-ին որտե՞ղ է տեսնում իրեն:

Մյուս հարցին՝ պատրա՞ստ է պաշտոնը զիջել ՀՀ գործող Նախագահին, քանի որ նա չի բացառել վարչապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորությունը և արդյո՞ք այդ հարցը քննարկել է Սերժ Սարգսյանի հետ, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ, այդ հարցին պատասխանել եմ: Իմ պատկերացմամբ, եթե ես ասեի երկու, երեք, հինգ տարի անընդմեջ պաշտոնավարելու եմ, անմիջապես դուք կասեք՝ եթե էֆեկտիվ չեք, լավ կառավարիչ չեք՝ վտանգ կա, որ կդառնաք չարիք: Չեմ եկել վեց ամիս աշխատելու, բայց միևնույն ժամանակ, եթե արդյունք ցույց տանք, հանրությունը, բիզնեսմենը, բանվորը հասկանան, զգան, որ ճիշտ ուղղությամբ ենք գնում՝ մենք կփորձենք աշխատել երկարատև»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը: Անդադառնալով ՀՀ Նախագահի հետ քննարկման մասին հարցին՝ կառավարության ղեկավարն ասաց, որ կոռեկտ չի համարում նման հարցը:

Մյուս հարցին՝ ինչպե՞ս է կառավարության գործունեության էֆեկտիվությունը չափելու, Կարեն Կարապետյանը նշեց, որ ամենամեծ էֆեկտիվության ցուցանիշը քաղաքացու, գյուղացու, բանվորի, ուսուցչի, սպայի կյանքի ապրելակերպի մակարդակի որակի բարձրացումն է: Վարչապետն ավելացրեց նաև, որ կներկայացվեն թվեր, իսկ վերջնական ցուցանիշը նա է, երբ ՀՀ քաղաքացին իր վրա զգում է, որ իր կյանքը լավանում է: Գործադիրի ղեկավարի խոսով՝ առաջնահերթ կերպով դիտարկելու են ամենախոցելի զանգվածին:

Share