Բաժին. Պաշտոնական

Իշխան Զաքարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ներկայացրել է հրաժարականի դիմում: Ազգային ժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտնեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: «Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաղդալյանը:

Վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ Ազգային ժողովում հարկավոր է քաղաքակիրթ ավանդույթ ձևավորել, որպեսզի խորհրդարանը շնորհակալություն հայտնի այն պաշտոնյաներին, ովքեր երկար տարիների աշխատել են Ազգային ժողովի հետ:

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց չշտապել, քանի որ Իշխան Զաքարյանը 15-օրյա ժամկետում կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը:

Ազգային ժողովի առաջիկա ընտրություններում Իշխան Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի շուրջ ձևավորվելիք դաշինքի նախընտրական շտաբը:

Share