Բաժին. Պաշտոնական

Վահան Մարտիրոսյանն աշխատանքային այցով Մինսկում է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում ապրիլի 18-ին մասնակցել է Կապի տարածաշրջանային համագործակցության Կապի վարչակազմերի (ԿՏՀ ԿՎ) ղեկավարների խորհրդի 52-րդ, ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի 23-րդ համատեղ նիստերին և  «ТИБО-2017» հեռահաղորդակցության, տեղեկատվական և բանկային տեխնոլոգիաների գծով 24-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի աշխատանքներին:

Համատեղ նիստերի ընթացքում քննարկվել են 2016թ. էլեկտրակապի ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ–16) և Համաշխարհային փոստային միության (ВПС) 26-րդ համագումարի  ԿՏՀ ԿՎ աշխատանքների արդյունքները, ինչպես նաև 2020թ. էլեկտրակապի  ստանդարտացման համաշխարհային գիտաժողովի (ВАСЭ-20) և 2018թ. ՀՄՄ լիագումար  նիստի (ПК–18) և 2019թ. Ռադիոկապի համաշխարային կոնֆերանսի (ВКР–19) ԿՏՀ ԿՎ նախապատրաստական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և Ղրղզստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի պետական կոմիտեի նախագահ Բակիտ Շերշեմբիևը նշանակվել են ԿՏՀ-ին կից գործող տեղեկատվայնացման հարցերով ԱՊՀ անդամ պետությունների համակարգող խորհրդի նախագահի տեղակալներ` 2018թ. հուվարի       1-ից  մինչև 2018թ. դեկտեմբերի 31-ն ընկած  ժամանակահատվածի համար։

Հաջորդիվ տեղի է ունեցել  «ТИБО-2017» համաժողովը։ «ТИБО-ն հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ԱՊՀ և Բալթյան երկրներում խոշորագույն ցուցահանդեսային միջոցառումներից է։ Յուրաքանչյուր տարի համաժողովը գրավում է առաջատար բելառուսական և արտասահմանյան հեռահաղորդակցական սարքավորումների, համակարգիչներ արտադրողների, անվտանգության միջոցների և համակարգերի մասնագետների, ՏՀՏ ծառայությունների բազմաթիվ մատակարարողների ուշադրությունը:

«ТИБО-2017»-ի ընթացքում, բացի ցուցահանդեսային միջոցառումներից, տեղի են ունեցել նաև համատեղ սեմինարներ ու շնորհանդեսներ, կլոր սեղան-քննարկումներ, գիտաժողովներ, աշխատանքային հանդիպումներ:

Այցի շրջանակներում կայացել է Եվրասիական տնտեսական միության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարների հերթական նիստը,  ինչպես նաև՝ երկկողմ հանդիպումներ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները համակարգող ղեկավարների հետ:

Share