Բաժին. Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանն այցելել են Ալեքս Տեքստիլ ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի թեթև արդյունաբերության ոլորտի առաջատար ընկերություններից մեկը՝ «Ալեքս տեքստիլ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել ընկերության նոր՝ հագուստի արտադրության արտադրամասի բացման արարողությանը:

Հանրապետության Նախագահին «Ալեքս տեքստիլ»-ի հիմնադիրները շնորհանդեսի ընթացքում ներկայացրել են ընկերության կողմից իրականացվող աշխատանքներն ու զարգացման ծրագրերը: Սերժ Սարգսյանը նորաբաց արտադրամասում շրջայցից հետո ծանոթացել է կարի ֆաբրիկայի նոր կառուցվող մասնաշենքի նախագծին և դրա համաձայն իրականացվելիք աշխատանքներին: Նշվել է, որ շուրջ 35 հազ. քմ ընդհանուր մակերեսով կարի ֆաբրիկայի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2017թ. մարտին: Նախնական հաշվարկով կատարվելու է շուրջ 7 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում ֆաբրիկան կունենա շուրջ 3000 նոր աշխատատեղ։

Նախագահը եղել է նաև ընկերության տրիկոտաժի կարի ընդլայնված արտադրամասում, որտեղ ներգրավվել է շուրջ 470 նոր աշխատող: Ավելի քան 1 մլն եվրոյի ներդրումը կատարել է Հայաստանի ներդրողների ակումբում ներգրավված Սամվել Կարապետյանը: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կատարված ներդրումներին, արտադրական հզորությունների մեծացման արդյունքում ժամանակակից սարքավորումներով արտադրամասի գործունեությանը:

«Ալեքս տեքստիլ»-ի կողմից գործարկվել է նաև գործվածքի նոր արտադրամաս, որտեղ ավելի քան 2 մլն եվրոյի ներդրում են կատարել Սամվել Կարապետյանը և ֆրանսահայ գործարարներ հայր և որդի Ջիջիրյանները։

Ընկերության զարգացման ծրագրերի հետ կապված Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ նախատեսվում է 2018թ-ին էապես ընդլայնել «Ալեքս տեքստիլ»-ի արտադրության ծավալները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր։ Մասնավորապես, ընթացքի մեջ են Արտաշատում կտորի նոր ֆաբրիկայի ստեղծման աշխատանքները. շուրջ 30 հազ. քմ մակերես ունեցող շենք-շինություններով Արտաշատի նախկին կարի ֆաբրիկան «Ալեքս տեքստիլ» ընկերությունը ձեռք է բերել 2017թ-ին: Վերակառուցման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իրականացվելու է շուրջ 25 մլն եվրոյի ներդրում, որի արդյունքում կտորի ֆաբրիկան կունենա օրական նվազագույնը 15 տոննա արտադրողականություն և շուրջ 400 աշխատատեղ: Ընթացքի մեջ են նաև Արտաշատում սրբիչի ու տնային տեքստիլի արտադրամասերի ստեղծման աշխատանքները՝ վերակառուցվում են շուրջ 20 հազ. քմ մակերեսով Արտաշատի մեխանիկական գործարանի շենք-շինությունները: Ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի շուրջ 10 մլն եվրո, նախնական շրջանում այս ֆաբրիկան կունենա շուրջ 500 աշխատակից:

«Ալեքս տեքստիլ» ընկերությունը Մասիս քաղաքում ձեռք է բերել շուրջ 50 հազ. քմ շենք-շինություններ, որոնց վերակառուցման արդյունքում կստեղծվի նաև բամբակե թելի ֆաբրիկա։ Այդ ուղղությամբ աշխատանքները, պատասխանատուների հավաստմամբ, նույնպես ընթացքի մեջ են:

Share