Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մոլդովայի նախագահի հետ

Սոչիում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հանդիպումը Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Երկու առաջնորդները Սոչի են ժամանել՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ինչպես Սոչիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը նշեց Հայաստանի պատրաստակամությունը զարգացնելու Մոլդովայի հետ քաղաքական, տնտեսական հարաբերությունները:

Նախագահ Դոդոնը շնորհավորեց Փաշինյանին վարչապետ դառնալու կապակցությամբ, մաղթեց հաջողություններ: «Մոլդովայի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են: Ակնկալում եմ, որ հետագայում ևս մեր փոխշահավետ հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու երկրների»,-ընդգծեց Իգոր Դոդոնը:

ՀՀ վարչապետի աշխատանքային այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված են հանրապետության վարչապետի այլ երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ ԵԱՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Share