Երևանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մերժեց Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի միջնորդությունը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետի տեղակալի պաշտպան Զորայր Հարությունյանը:
«Միջնորդությունը ներկայացվել էր երեկ երեկոյան: Նիստը գումարվեց 23:00-ի կողմերը և շարունակվեց մինչև ուշ գիշեր: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և այսօր առավոտյան 10:00-ին հրապարակվեց որոշումը: Դատարանը մերժեց միջնորդությունը` հիմնավոր ապացույցների բացակայության պատճառաբանությամբ»,- ասաց Հարությունյանը:
Հունիսի 5-ին դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը կրկին միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ միաժամանակ դատարան ներկայացնելով հիմնավոր կասկածի առկայությունը հավաստող ապացույցները:
Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կատարելը):