Բաժին. Պաշտոնական

ԵՄ ներկայացուցիչները նախարար Աշոտ Հակոբյանի հետ քննարկել են համագործակցության ծրագրերը

Կարևորվել է ԵՄ հետ համագործակցության ծրագրերի շարունակականությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց ԵՄ ներկայացուցիչներին` Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։

Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորեց ԵՄ և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության ծրագրերը։ Աշոտ Հակոբյանը ընդգծեց ՎԶԵԲ և Եվրոպական ներդրումային բանկերի ֆինանսավորմամբ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» 3-րդ տրանշի իրականացումը և Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի վերականգնման ծրագիրը:

Նախարարը միաժամանակ նշեց, որ ակնկալում է համագործակցություն ոչ միայն ճանապարհաշինական, այլև նախարարության լիազորությունների շրջանակում գտնվող այլ ոլորտներում։

Վասիլիս Մարագոսը նախարարին փոխանցեց նախորդ տարի մշակված համագործակցության պլանը, որի շուրջ երկկողմ աշխատանքային խմբերը քննարկումներ պիտի ունենան և հաստատվի համագործակցության վերջնական ծրագիրը` արտացոլելով և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ գործակցության պլանը։

ՀՀ կառավարության հետ ՏՏ ոլորտում համագործակցության առումով ԵՀ ներկայացուցիչը նշեց նոր «Թումո» կենտրոնի ստեղծման ծրագիրը, որը նախատեսված կլինի ուսանողների համար և կհամագործակցի բիզնես սեկտորի հետ։

Կողմերը քննարկեցին նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ կատարվող ծրագիրը` անդրադառնալով համագործակցության շարունակականությանը։

Share