Բաժին. Պաշտոնական

Ադրբեջանից բռնագաղթած 34 ընտանիքների կնվիրատրվեն իրենց բնակելի տարածքները

Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 15-ի նիստում գործադիրը հավանություն է տվել «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին» նախագծին։ Այս մասին «Բիզնես »-ը տեղեկացավ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պաշտոնական էջից։

Համաձայն «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ, 4-րդ հոդվածների և ՀՀ կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` գործադիրը որոշել է․

1. 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածով նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով անցնում է դրանց առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի և Սյունիքի մարզպետներին, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր առանձնացնելուց և անհրաժեշտության դեպքում համապատասխան սեփականության իրավունքի գրանցման վկայականներում այդ տարածքները որպես բնակելի նշանակության սահմանված կարգով գրանցելուց հետո, ըստ պատկանելության, ապահովել սույն որոշման հավելվածով նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը:

4. Նախագծի հավելվածով նշված տարածքը տիրապետող պետական կառավարման մարմնին օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհվող բնակելի տարածքի հատակագիծը ներկայացնելուց հետո, բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

Share