Բաժին. Պաշտոնական

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը նոր տնօրեն ունի

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հուլիսի 2-ին այցելեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ:

Անցկացված խորհրդակցության ժամանակ նախարարը աշխատակիցներին հայտնեց, որ տնօրեն Վարդան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է: Նախարարը միաժամանակ ներկայացրեց ՊՈԱԿ-ի նորանշանակ տնօրեն Վազգեն Պետրոսյանին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվական ծառայությունից։

«Վազգեն Պետրոսյանը շինարարության բնագավառում փորձառու է: Ձեր նշանակումից հետո շատ կարճ ժամանակահատվածում մենք պիտի կարողանանք էական արդյունքներ արձանագրել, որի համար շատ կարևոր է նաև թիմային ամենօրյա հետևողական աշխատանքը: Ուստի, ցանկացած խնդրի ի հայտ գալու դեպքում պետք է շատ արագ արձագանքել և գտնել լուծումներ»,-նշեց նախարարը:

Աշոտ Հակոբյանը շեշտեց, որ պաշտոնի ստանձնումը մեր օրերում միմիայն պատասխանատվություն և առաքելություն է:

Նա կարևորեց գործունեության թափանցիկությունը, զանգվածային լրատվամիջոցների, հանրության և շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքը: Նախարարն ընդգծեց, որ ծրագրի շրջանակներում մեծ գումարներ են ծախսվում, և հանրությունը պետք է իրազեկ և վստահ լինի, որ ծախսված գումարները ապահովում են առավելագույն արդյունավետություն: Այս համատեքստում նախարարը հանձնարարեց կարճ ժամկետներում նախապատրաստել միջոցառում, որի շրջանակներում հանրությանը կներկայացվի «Հյուսիս-հարավ» ծրագրի ներկա վիճակը, ինչպես նաև կտրվեն ծրագրի հետ կապված բոլոր խնդրահարույց հարցերի պատասխանները:

Նա շնորհակալություն հայտնեց Վարդան Կարապետյանին աշխատանքում ներդրած գիտելիքների և փորձի համար, որից հետո նորանշանակ տնօրենի ուղեկցությամբ շրջայց կատարեց ՊՈԱԿ-ում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

Share