Բաժին. Պաշտոնական

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկվել է երկկողմ համագործակցության ընթացքն ու հեռանկարները

Հուլիսի 2-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորած պատվիրակությանը` գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկա վիճակը, համատեղ ծրագրերն ու հետագա փոխգործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն, Հայաստանից արտահանվող թե’ բուսաբուծական, թե’ անասնաբուծական արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է դեպի ռուսաստանյան շուկա, ուստի հուսով ենք, որ հայկական գյուղմթերքը այսուհետ ևս կշարունակի մեծ պահանջարկ ունենալ ռուսական շուկայում», – ողջունելով հյուրերին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի բաժնից։

Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են ռուսական կողմի աջակցությամբ Հայաստանի ագրարային ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքները` այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով Տավուշի մարզի 45 համայնքներում ՄԱԿ–ի զարգացման ծրագրով (UNDP) «Գյուղական համայնքների զարգացման ինտեգրված աջակցություն. համայնքների կայունության ամրապնդում» ծրագրի կարևորությունը:

Շեշտելով, որ ոլորտի հետագա զարգացման համար գյուղը չպետք է տարանջատվի գյուղատնտեսությունից` Արթուր Խաչատրյանը նշել է, որ այժմ միջոցներ են ձեռնարկվում ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու ուղղությամբ:

Դեսպան Սերգեյ Կոպիրկինն իր հերթին հայտնել է ռուսական կողմի պատրաստակամությունը ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում` նաև գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման ուղղությամբ: Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրել է, որ գյուղտեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրին զուգահեռ Հայաստանում առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի վերամշակող ճյուղի զարգացմանն ուղղված նոր ծրագիր, որի շրջանակում շահառուները հնարավորություն կունենան ձեռք բերել ջերմոցների, չորանոցների և սառնարանային տնտեսությունների համար նախատեսված սարքավորումներ ներդնել մատչելի պայմաններով՝ տարեկան ընդամենը 4 % լիզինգային տոկոսադրույքով։ Նախարարն ընդգծել է, որ այդ ծրագիրը կնպաստի ոչ միայն կնպաստի գյուղմթերքի սեզոնայնության երկարացմանը, այլև ֆերմերների եկամուտների ավելացմանը:

Անդրադարձ է կատարվել նաև KfW բանկի աջակցությամբ գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի իրականացմանը, որի մեկնարկը նախատեսվում է 2019 թվականի գարնանը:

Քննարկվել են նաև գյուղմթերքի արտադրության ոլորտում ամբողջական արժեշղթայի ձեւավորմանը, անասնապահության ոլորտի հետագա զարգացմանը, գյուղատնտեսական սուբսիդավորման նոր մեխանիզմների մշակմանը, մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծմանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Share