Բաժին. Պաշտոնական

Արմեն Սարգսյանն ընդունել է Կոլումբիայի համալսարանի և Լոնդոնի բիզնես դպրոցների մագիստրոսական ծրագրի մասնակիցներին

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի բիզնես դպրոցի և Լոնդոնի բիզնես դպրոցի գործարար կառավարման մագիստրոսական համատեղ ծրագրի մասնակիցներին, ովքեր Հայաստան են ժամանել ճանաչողական այցով՝ բիզնես հնարավորություններին և երկրի մշակույթին ու պատմությանը ծանոթանալու նպատակով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից։

Բարի գալուստ մաղթելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է Հայաստանի ու հայ ժողովրդի պատմությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, անդրադարձ է կատարել երկրում տեղի ունեցած փոփոխություններին, «Նոր Հայաստանի» տեսլականին։

Նախագահ Սարգսյանն այնուհետև պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի զարգացման հեռանկարներին, տնտեսության առաջատար ճյուղերին, Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորություններին, ինչպես նաև՝ հարափոփոխ աշխարհի մարտահրավերներին։

Նախագահ Սարգսյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի տնտեսության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդարդունաբերության և տուրիզմի ոլորտները:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանն արդյունավետ համագործակցում է ինչպես Եվրամիության հետ՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միության հետ, ինչն օտարերկրյա գործարարների և ներդրողների համար նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի միջոցով ավելի մեծ շուկաներ դուրս գալու համար:

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահն ընդգծել է, որ անընդհատ փոփոխվող ու մարտահրավերներով լի աշխարհում շահում են այն ազգերն ու պետությունները, որոնք կենսունակ են, ճկուն և կարողանում են արագ ու դինամիկ փոփոխվել և հարմարվել նոր իրողություններին։

Share