Բաժին. Պաշտոնական

Նախագահը հյուրընկալել է Սերժ Թանկյանին ու Կարին Հովհաննիսյանին

Նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 5-ին ընդունել է «Ստեղծարար Հայաստան» նորարար մշակութային հիմնադրամի խորհրդի անդամ, ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին և հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանին: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ Նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Սերժ Թանկյանի թե՛ մշակութային, թե՛ հասարակական գործունեությունը եւ ասել. «Դուք ոչ միայն հրաշալի երաժիշտ եք, այլեւ հրաշալի հայ, արժանապատիվ ու հպարտ հայ»:

Կարին Հովհաննիսյանը ներկայացրել է «Ստեղծարար Հայաստանի» հիմնական նպատակներն ու գործունեության ուղղությունները: Նա ասել է, որ իրենց առաքելությունն է ոչ միայն զարգացնելու հայկական մշակույթը, այլ նաեւ դառնալու տաղանդավոր արվեստագետներին բացահայտելու, աջակցելու նրանց առաջ մղելու եւ խոստումնալից նախագծերը կյանքի կոչելու մի հարթակ:

Նշելով, որ արվեստը ամենազորավոր եւ ռազմավարական առումով ամենահեշտ եւ դյուրին ճանապարհ հարթող ուժն է՝ հիմնադրամի խորհրդի անդամներն ասել են, որ «Ստեղծարար Հայաստանը» նպատակ ունի դառնալ ամենադինամիկ եւ արդյունավետ մշակութային նախաձեռնություններից մեկը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է «Ստեղծարար Հայաստանի» ծրագրերն ու մտահաղացումները եւ պատրաստակամություն հայտնել հնարավորիս աջակցել դրանց իրականացմանը:

Share