Բաժին. Պաշտոնական

Գործադիրը հաստատել է մի շարք օրենքների նախագծեր

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունից։

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թ. տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը: ՀՀ նախարարները, ՀՀ ԿԱ պետական կառավարման մարմինների ղեկավարները, ՀՀ մարզպետներն ի գիտություն կընդունեն հաշվետվությունը և կձեռնարկեն միջոցներ՝ ստուգումների արդյունքում արձանագրված խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում այդպիսիք բացառելու ուղղությամբ:

ՀՀ կառավարությունը քննարկել է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ին` 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքների շրջանակում անհրաժեշտ ապրանքներն ու ծառայությունները անմիջապես արտադրողներից և մեկ անձից ձեռք բերելու թույլտվություն տալու հարցը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան: Ըստ հիմնավորման՝ «Հայկական ատոմային էլեկտրակայան» («ՀԱԷԿ») ՓԲԸ-ում հունիսի 1-ից սկսվել է 2-րդ էներգաբլոկի պլանային նախապատրաստական վերանորոգման աշխատանքները (ՊՆՎ), որի ավարտը նախատեսված է մինչև 2018թ. օգոստոսի 1-ը: ՀԱԷԿ-ի վերագործարկման ժամկետի յուրաքանչյուր օր ուշացումը էներգոհամակարգին կբերի շուրջ 220 մլն դրամի վնաս: Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ՀԱԷԿ-ի գնումների գործընթացով և առաջարկել որոշմանը հավանություն տալ լրացուցիչ քննարկումից հետո միայն:

Պատվաստանյութերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Արդյունքում ՀՀ բնակչության շրջանում կիրականացվեն անվտանգ և արդյունավետ կանխարգելիչ պատվաստումներ, կապահովվի կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելումը:

Կառավարության նիստի օրակարգից հանվել են 8-րդ և 9-րդ հարցերը՝ «ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»:

Share