Բաժին. Պաշտոնական

Տավուշում 120 թափուր աշխատատեղի համար ներկայացվել է 200 դիմում

Բիզնես Արմենիայի տեխնիկական աջակցությամբ օգոստոսի 18-ին Իջևանում կազմակերպված աշխատանքի տոնավաճառին մասնակցել են 50-ից ավելի տնտեսվարող և հազարավոր այցելուներ։ Ներկայացված մոտ 120 թափուր աշխատատեղի համար ավելի քան 200 դիմում է ստացվել։ Հայտարարված աշխատատեղերը հիմնականում սպասարկման և արտադրության ոլորտներում են, գործատուները փնտրում են սոցիալական աշխատողներ, դերձակներ, այգեգործներ, պահածոյագործներ, մսի, կաթի վերամշակման տեխնոլոգներ, վայրի հավաքի սեզոնային բանվորներ, հրուշակագործներ և այլն։

Աշխատանքի տոնավաճառին կից տեղի է ունեցել գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառք, որտեղ ներկայացվել է մարզի ձեռնարկությունների արտադրանքը՝ մսամթերք, կաթնամթերք, չրեր, պահածոներ, գինու, օղու, լիկյորի, բուսական թեյի տեսականի, հրուշակեղեն, մեղր, ձեռագործ իրեր:

Աշխատանքի տոնավաճառը և գյուղատնտեսական արտադրանքի ցուցահանդես-վաճառքը կազմակերպվել է «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է ԵՄ և Հայաստանի կառավարության կողմից: Ծրագիրն իրականացնում է «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպությունը:

Տոնավաճառ և ցուցահանդես են այցելել Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում Արգենտինայի դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղացի և արտերկրյա հյուրեր: Աշխատանքի տոնավաճառին ակտիվորեն մասնակցել և գրանցված գործազուրկներին թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել Նոյեմբերյանի, Իջևանի, Դիլիջանի և Բերդի զբաղվածության տարածքային կենտրոնները։

Share