Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական փոփոխությունները  կնպաստեն Հայաստանի քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման  հնարավորինս արագ և  արդյոունավետ լուծմանը:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում, պատասխանելով օգտատերերից մեկի հարցին,  հիշեցրեց, որ Գերմանիայի կանցլեր  Անգելա Մերկելը  Երևան այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը  ամեն ինչ  կանի, որպեսզի այդ գործընթացը հնարավորինս արագ ընթանա, և Հայաստանի քաղաքացիների համար  վիզաների ազատականացումը հնարավորինս արագ  տեղի ունենա: «Ես կարծում եմ, որ եթե այն դրական գործընթացները, որոնք սկիզբ են առել մեր երկրում, շարունակվեն, բավականին արագ մենք նման իրավիճակ կունենանք»,- ընդգծեց վարչապետը:

Փաշինյանը մանրամասնեց, որ խնդիրներից մեկը, որ Հայաստանի համար ԵՄ վիզաների ազատակացման խնդիրը արագ չի լուծվում այն է, որ  Հայաստանը համարվում է ոչ լեգալ միգրացիայի աղբյուր, որը Եվրոպայի համար  շատ նուրբ հարց է. շատ երկրներ նախընտրում են այդ թեմայով առավել զգուշավոր մոտեցում ցուցաբերել: «Գերմանիայի կանցլերի Երևան այցի ժամանակ նրանց ներկայացրեցի այն վիճակագրությունը, որ հեղափոխությունից հետո  Հայաստան վերադարձածների թիվն ավելի շատ  է մեկնածների թվից, ինչը նշանակում է հնարավորություն, որ ոչ լեգալ միգրացիայի աղբյուր հանդիսացող երկրի կարգավիճակը որոշակիորեն փոխենք: Ես կարող եմ ասել, որ մայիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից մեկնածների և Հայաստան եկածների թվի տարբերությունը + 22 հազար 954 է: Այսինքն, 22 հազար 954 մարդ ավելի շատ է եկել Հայաստան, քան գնացել է: 2017թ. նույն ժամանակահատվածում գնացածների և եկածների տարբերությունը – 404 է եղել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ զբոսաշրջային սեզոնի ամփոփման ժամանակ այս տվյալները կրկին կվերլուծեն, իսկ ինքը ամեն ամիս այս թվերի վերաբերյալ տվյալներ կստանա:

Նա հույս հայտնեց, որ այս ցուցանիշները փաստարկ կդառնան, որպեսզի Հայաստանը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հստակ գործընթաց սկսի:

Share