Բաժին. Պաշտոնական

Աշոտ Հակոբյան․ ստեղծվել է Մուլտի գրուպ վենչուրային հիմնադրամը՝ 1 մլն դոլար նախնական կապիտալով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Այդ ընթացքում նախարարն անդրադարձել է ՏՏ ոլորտում կատարված աշխատանքներին և սպասվող նորություններին։

Նրա խոսքով, այս երեք ամսվա ընթացքում իրենք հասցրել են հանդիպել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ՝ Տորոնտոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում՝ Հայաստանում ազգային վենչուրային ֆոնդի ստեղծման նպատակով։

Բացի այդ, նախարարը տեղեկացրեց 1 մլն նախնական կապիտալով «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամի ստեղծելու մասին։

«Ասեմ նաև, որ ՏՏ-ի ինովացիոն, սկսակ և ստարտափ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է «Մուլտի գրուպ» վենչուրային հիմնադրամը՝ 1 մլն դոլար նախնական կապիտալով»,- նշեց Աշոտ Հակոբյանը։

Նա նաև ասաց, որ Հայաստանում կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ստեղծել տվյալների պահոց՝ data center։

Այդ նպատակով 2018-ի օգոստոսի 24-ին հայտարարվել է մրցույթի առաջին փուլը։

Նախարարը նաև խոսեց ՏՏ ոլորտում սպասվող հարկային արտոնությունների մասին. «Մեր կողմից նաև վերամշակվել է և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ուղարկվել նորաստեղծ ՏՏ ոլորտում կազմակերպություններին հարկային արտոնություններ տրամադրող օրենքի նախագիծը»։

Աշոտ Հակոբյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ում ՏՏ ոլորտում գործող ընկերությունները այսուհետ իրենց ծրագրերը և հավելվածները կարող են զետեղել Google Play հարթակում։

Վերջում ավելացրեց, որ բանակցություններ են ընթանում PayPal ընկերության հետ՝ Հայաստանում այդ վճարային համակարգը ներգրավելու ուղղությամբ։

Տեսագրությունը կարող եք դիտել https://starthub.am/news/3055.html հասցեով։

Share