Բաժին. Պաշտոնական

Կառավարությունն առաջարկում է ընտրություններից հետո քվեաթերթիկի հրապարակումը դարձնել քրեորեն պատժելի

Սեպտեմբերի 6-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ Կառավարությունն առաջարկում է ընտրություններից հետո քվեաթերթիկի հրապարակումը դարձնել քրեորեն պատժելի

«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ «ԸՕ-ով նախատեսված է, որ քվեարկության գաղտնիության պահպանումը անձի իրավունքն ու պարտականությունն է: Այս պարտականությունը խախտելու համար որևէ պատասխանատվություն չկա: Մենք առաջարկում ենք սա դիտել քրեորեն պատժելի արարք: Եթե անձը շահադիտական դրդումներով կամ նախապես տված խոստման հիման վրա բացահայտում է համապատասխան փաստաթուղթը կամ նկարը հրապարակելու միջոցով, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության»,- ասաց Հովհաննիսյանը:

Արդարադատության նախարարությունն առաջարկում է խստացնել նաև քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության օրը կամ դրա նախորդ օրը թեկնածուների անունից անհատույց պայմաններով սննդամթերք կամ դրամ տալը:

«Այս արարքի համար նախատեսված է վարչական պատասխանատվություն, բայց սա նման է ընտրակաշառք տալուն կամ առաջարկելուն: Այս հանգամանքը հաշվի առնելով, արդարացված չէ, որ սա մնա որպես վարչական զանցանք: Առաջարկում ենք իրավախախտման համար պատասխանատվության ենթարկել 3-6 տարի ժամկետով»,- նշեց նա:

Կառավարությունն առաջարկում է նաև քրեականացնել կաշառքի առաջարկը կամ խոստումը:

Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ պետք է խստացնել նաև որոշ քրեական և վարչական օրենսգրքերով նախատեսված որոշ հանցանքներ ու զանցանքներ:

«Եթե խոսքը քարոզչություն իրականացնելուն հարկադրելուն կամ հրաժարվելուց հարկադրելուն է վերաբերում, ապա առաջարկում ենք 3-5 տարի սանկցիան դարձնել 4-6 տարի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկում ենք թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամ չբացելը կամ հայտարարագիր չներկայացնելու համար սանկցիան խստացնելը: Այսօր 100 հազար դրամ է, նախատեսում ենք տուգանք սահմանել գրավի ¼-ի չափով, բայց ոչ պակաս, քան 100 հազար դրամը»,- ասաց նա:

Սեպտեմբերի 6-ին մեկնարկած ԱԺ արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախագծերի փաթեթը:

Share