Բաժին. Պաշտոնական

Քննարկվել են հանրային սննդի ոլորտի հարկային խնդիրները

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կազմակերպվել էր հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության և գործընկերության գործելաոճը և մաղթել արդյունավետ քննարկում։

Այնուհետև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն, անդրադառնալով շրջանառության հարկի հարկման շեմի փոփոխությունների հետ կապված հարցերին՝ հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները։

Կրկնվող խնդիրներից են եղել շրջանառության հարկի հարկման ներկայիս գործող շեմի դրույքաչափը, գյուղմթերքի փաստաթղթավորման գործընթացը, հին սերնդի ՀԴՄ-երը և այլն։

Հակոբ Ավագյանը կարևորել է ընկերությունների կողմից ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը և խնդիրներն առավել հստակ պատկերացնելու համար առաջարկել իրականացնել դիտանցում։ Արդյունքները կուսումնասիրվեն և կամփոփվեն, այնուհետև կիրականացվեն աշխատանքներ խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղղությամբ։

Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու դիտանցմանը։

Share