Բաժին. Պաշտոնական

ԿԲ-ն թողարկել է հայկական գորգերի օրինակներով հուշամեդալներ

ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 25-ից շրջանառության մեջ է դրել «Հայկական գորգ» շարքի «Վիշապագորգ», «Արևագորգ», «Արծվագորգ», «Խորանագորգ», «Խաչխորան գորգ», «Մեղվաբուն գորգ», «Կենաց ծառ գորգ», «Վահանով (վահանակիր) գորգ», «Որոտան գորգ», «Պռոշաբերդ գորգ» արծաթե հուշադրամները:

Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը և Ծաղկախաչ գորգի զարդանախշ (15-րդ դար, Վասպուրական):

Հուշադրամների դարձերեսին պատկերված են Վիշապագորգը (17-րդ դար, Արցախ), Արևագորգը (18-19-րդ դարեր, Արցախ), Ջրաբերդ արծվագորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Խորանագորգը (19-րդ դար, Շիրակ), Խաչխորան գորգը (19-րդ դարի վերջ, Սյունիք), Մեղվաբուն գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Կենաց ծառ գորգը (19-րդ դարի վերջ, Արցախ), Վահանով (վահանակիր) գորգը (19-րդ դար, Տավուշ), Որոտան գորգը (19-րդ դար, Սյունիք) և Պռոշաբերդ գորգը (19-րդ դարի վերջ, Վայոց ձոր): 

Տեխնիկական չափանիշները․

Անվանական արժեքը՝ 1000 դրամ

Մետաղը/հարգը՝ արծաթ 9250

Չափը՝ 32,5 × 48,0 մմ

Քաշը՝ 33,6 գ

Որակը՝ պրուֆ

Դրամաշուրթը՝ հարթ

Քանակը՝ մինչև 500 հատ յուրաքանչյուր տեսակից

Էսքիզների հեղինակներն են Աննա Խաչատրյանը և Վարդան Վարդանյանը:

Հատվել են Լիտվայի դրամահատարանում:

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: 

Դրամագետները, հավաքորդներն ու ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

Share