Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը պայմանավորվել են սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու մասին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել սահմանագծում լարումը նվազեցնելու և միջադեպերը կանխելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին վարչապետն ասել է« ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի ժամանակ: «Այս անգամ որոշակի առարկայական խոսակցություն ստացվեց և դրա արդյունքում մենք մի քանի կարևոր կետեր արձանագրեցինք: Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն կտանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և  սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այս մասին տեղյակ է պահվել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Հանձնարարական և համապատասխան հրաման եմ տվել մեր զինված ուժերին և նախորդ գիշերը, կարող եմ ասել, եղել է իմ վարչապետ ընտրվելուց հետո ամենախաղաղ գիշերը»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ խոսակցության ընթացքում  արձանագրվել  է նաև  բանակցային գործընթացի նկատմամբ հավատարմությունը:  «Մենք պայմանավորվել ենք օպերատիվ կապի կոմունիկացիա ստեղծել, և իսկ թե այն ինչպիսին կլինի տեխնիկական առումով պայմանավորվածություն ձեռք չենք բերել»,-ընդգծել է նա՝ հավելելով, որ բովանդակային որևէ քննարկում չի եղել:

«Ես ուրախ եմ և հույս ունեմ, որ  այդ պայմանավորվածությունները կպահպանվեն, քանի որ  դրանց պահպանումը չափազանց կարևոր է»,- ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Share