Բաժին. Պաշտոնական

WWF-Հայաստանը պարգևատրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հուշամեդալով

Սեպտեմբերի 28-ին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF-Հայաստան) նշել է իր գործունեության 15-ամյակը:

Տոնական միջոցառմանը մասնակցել է նաև տնտեսական զարգացման և ներդումների նախարար Արծվիկ Մինասյանը։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

«Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ չափազանց մեծ է եղել WWF-ի դերը Հայաստանում շրջակա միջավայրի պահպանության հարցում: Որպես նախկին բնապահպանության նախարար ես կարողացել եմ ստանալ այն անհրաժեշտ աջակցությունը, որ հարկավոր էր կազմակերպության մանդատի շրջանակներում մեր ծրագրերն իրականացնելու համար: Հիմա որպես տնտեսական զարգացման և ներդրումների նախարար պետք է ասեմ, որ հիմնարար վերափոխվել է նախարարության տնտեսական քաղաքականությունը: Առաջնահերթությունը ոչ միայն պարզապես տնտեսական աճի ապահովումն է, այլ շրջակա միջավայրն ու սոցիալական ներառումն ապահովող տնտեսական աճի ապահովումը»,- շնորհավորական խոսքում նշել է նախարար Մինասյանը։

Հայաստանի Հանրապետությունում 15-ամյա արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի կենսաբազմազանության պահպանության և կայուն տնտեսական զարգացմանն աջակցելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի հրամանով պարգևատրվել է նախարարության փոքր հուշամեդալով, որը նախարար Արծվիկ Մինասյանը հանձնել է WWF- Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանին։

Share