Բաժին. Պաշտոնական

Թողարկվել է նոր նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային

Հոկտեմբերի 2-ին շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրոպա 2018. Կամուրջներ» թեմային: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթի» գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նախարար Աշոտ Հակոբյանը, ողջունելով հատուկ ծրարի մարման արարողությանը ներկա հյուրերին, անդրադարձավ Հայաստանի և Եվրամիության միջև ձևավորված ջերմ ու արդյունավետ համագործակցությանը։ Նա նշեց, որ պատահական չէ ընտրված կամուրջներին նվիրված թեման, քանի որ այն ոչ միայն անցում է ապահովում, այլև բարեկամության խորհրդանիշ է։

Նամականիշի վրա պատկերված է Հայաստանի Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղում գտնվող բնական կամուրջը։

Նամականիշը թողարկվել է Եվրոպայի փոստային օպերատորների ասոցիացիայի (ՓոստԵվրոպա) անդամ-երկրների «EUROPA» միջազգային համատեղ թողարկման շրջանակներում: Տպագրվել է Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը։ Անվանական արժեքը 350 ՀՀ դրամ է։

Դիզայնի հեղինակը Վահագն Մկրտչյանն է: Տպաքանակը 40,000 օրինակ է։

Share