Categories: Պաշտոնական

Ատոմ Ջանջուղազյան․ Աշխատավարձի և նպաստի չհիմնավորված բարձրացումը կխորացնի աղքատությունը

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի համոզմամբ՝ պետական բյուջեն պետք է լինի հավասարակշռված և չպետք է տանի արկածախնդրության: Այդ մասին Ջանջուղազյանն ասաց հրավիրված ասուլիսում՝ անդրադառնալով գնահատականներին, թե 2019 թվականի բյուջեի նախագիծը զգուշավոր է:

Անդրադառնալով աղքատության խորացման մտահոգություններին, նպաստները և աշխատավարձերը չբարձրացնելուն՝  նախարարն ասաց, որ չի կարծում, թե իրենք խորացնելու են աղքատությունը: «Եթե աշխատավարձի և նպաստի չհիմնավորված բարձրացում տեղի ունենա, դա կխորացնի աղքատությունը, քանի որ իր հետ կտանի նրանց, ովքեր աշխատում և արդյունք են ստեղծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ֆինանսների նախարարը՝ սխալ համարելով պարտք վերցնելն ու նպաստները բարձրացնելը: Ըստ նրա՝ հարց է, թե արդյոք պետք է համակերպվել, որ առողջ, աշխատունակ մարդը պետք է նպաստ ստանա, և աշխատելու մոտիվացիա չունենա:

Խոսելով կենսաթոշակների մասին՝ Ջանջուղազյանը հավելեց, որ այդ ուղղությամբ ծախսերն ավելացվելու են 20 միլիարդ դրամով: «Այո, պարտք ենք վերցնելու, բայց վերցրած պարտքը ինչ-որ չափով ռիսկ է պարունակում,  այսինքն՝ դա մեր վիճակը վատացնելո՞ւ է, թե՞ լավացնելու: Երբ նշվում է, թե պարտք ենք վերցնում, դա նշանակում է վատացնելու է, բայց եթե այն մեր հարաբերական ցուցանիշը լավացնում է, ուրեմն ստացվում է, որ այդ պարտք վերցնելը ոչ թե վատթարացնող գործողություն է, այլ լավացնող»,-ասաց նա:

Share