Բաժին. Պաշտոնական

Ավարտվել է Տավուշի մարզի Արճիս համայնքի ճանապարհի վերականգնումը

Վերականգնվել է Տավուշի մարզի Արճիս համայնքը Մ-6 միջպետական ճանապարհի միջոցով տարածաշրջանի այլ բնակավայրերի հետ կապող մոտ 3,6 կիլոմետրանոց կենսական նշանակության ճանապարհահատվածը։ Ճանապահը վերականգնել է «Կապավոր» ՍՊԸ-ն։ Աշխատանքներն ավարտվել են նախատեսված վերջնաժամկետից մոտ 2 ամիս շուտ։ Վերականգնվել են հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, ջրահեռացման համակարգը, տեղադրվել են ճանապարհային նշաններ և անվտանգության այլ էլեմենտներ, կատարվել են այլ աշխատանքներ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի մամուլի ծառայությունից։

Արճիսի ճանապարհը վերականգնվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում, իսկ աշխատանքների պատվիրատուն «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ն է: Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող այս ծրագրի միջոցով շատ գյուղական համայնքներ կապվել են հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհների հետ, այդպիսով ապահովվել է գյուղական բնակչության կապը շուկաների և ծառայությունների հետ, ինչը նպաստել է այդ գյուղերի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։

Նշված ծրագրի շրջանակներում 2016-2017թթ. վերականգնվել են շուրջ 63 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ, որոնցից օգտվում են հանրապետության տարբեր մարզերի 18 գյուղական համայնքներ:

Նշենք, որ 2018թ. ընթացքում, ի թիվս Արճիս համայնքի ճանապարհի, վերականգնվել են նաև 2 ճանապարհահատվածներ Արարատի մարզում` Արևշատ-Աբովյան ճանապարհահատվածը` 1,6 կմ երկարությամբ, և Շիրակի մարզում` Հ32-Վահրամաբերդ-Հովունի-Մ1 ճանապարհահատվածը՝ 6 կմ երկարությամբ: Ընթացքի մեջ են կենսական նշանակության ևս 7 ճանապարհի վերականգնման աշխատանքները՝ շուրջ 52 կմ ընդհանուր երկարությամբ, որոնք կավարտվեն 2018-2019թթ. ընթացքում:  

Share