Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ. հայտնաբերվել է 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութ՝ օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում

Օտարերկյա քաղաքացիները Սան Պաոլո-Դուբայ-Երևան ճանապարհով փորձել են խոշոր չափի թմրանյութ տեղափոխել Թուրքիա

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, սեպտեմբերի 30-ին ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Դուբայից Երևան ժամանած Գվատեմալայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ գվատեմալուհի Էրնանդես Ագիլար Օնդինա Լիսետի նկատմամբ իրականացրած մաքսային հսկողության արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են 4 մետաղական տարա՝ մոտ 3,5 կգ «կոկաին» տեսակի թմրանյութի նմանվող հեղուկ զանգվածով։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության եզրակացության համաձայն, հայտնաբերված զանգվածը «կոկաին»  տեսակի թմրանյութ է։ Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Քրեական գործի շրջանակում Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացված անհետաձգելի լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գվատեմալուհին թմրանյութը Հայաստան է տեղափոխել Բրազիլիայի Սան Պաոլո քաղաքից: Մաքսանենգ ապրանքը նա պետք է փոխանցեր Երևանի հյուրանոցներից մեկում նախապես վարձակալած սենյակում կամ հարակից տարածքում՝ իրեն անհայտ անձնավորության։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 3-ին ՊԵԿ քննչական վարչություն բերման է ենթարկվել Ղազախստանի քաղաքացի Ելենա Կոլտիշևան, ով նույն օրը Թուրքիայից ինքնաթիռով ժամանել էր Հայաստանի Հանրապետություն՝ թմրանյութը ստանալու և Թուրքիա տեղափոխելու նպատակով։

Քրեական գործի շրջանակում օպերատիվ-հետախուզական աշխատանքները շարունակվում են՝ ներգրավված հնարավոր այլ անձանց և թմրանյութի պատվիրատուին բացահայտելու նպատակով։

Share