Բաժին. Պաշտոնական

Համաշխարհային բանկի տնտեսագետը խոսել է ՀՀ-ում իրենց առաքելության մասին

Համաշխարհային Բանկի տնտեսագետ Սառա Նիմանը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում ներկայացրել է Հայաստանում իրենց ծրագրի առաքելության նպատակը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության լրատվական ծառայությունից:

«Կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և հավասար մրցակցային դաշտի վերաբերյալ ձեր այս օրակարգը ապրիլյան հեղափոխությունից առաջ էլ կար, բայց ընդամենը զուտ միջոցառումային ձևաչափով: Մեզ մոտ մի քանի ամսում իրավիճակ է կտրուկ փոխվել, մեծ թռիչք կա, կոռուպցիա չկա, հավասար մրցակցային դաշտ կա, մենաշնորհ չկա: Հասարակությունը շատ արագ ինքնամաքրվում է: Մենք բոլոր կառավարությունների ժամանակ էլ` շուրջ երեք տասնամյակ, բարձրաձայնել ենք այդ մասին, բայց այն իրականություն դարձավ ընդամենը քաղաքական հստակ ու վճռական կամքի դրսևորման շնորհիվ: Այս ձեռքբերումները հարկավոր է անհապաղ կապիտալիզացնել: Եվրասիական տնտեսական համակարգում մենք պետք է մեր մոդելը ներկայացնենք, ինչը կարող է օրինակելի դառնալ նաև մյուսների համար»,- հանդիպման ընթացքում ասել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Համաշխարհային բանկի ծրագրի ղեկավար Սառա Նիմանը նշել է, որ բազմիցս օժանդակություններ են տրվել կոնկրետ ֆիրմաների, որովհետև կոռուպցիայի պայմաններում զանազան ատյաններ դրանք փոշիացնում էին և անարդյունավետ օգտագործում:

Այս խնդրում հյուրին համակարծիք լինելով՝ Արսեն Ղազարյանը միաժամանակ հավելել է. «Այդ գործում միջազգային ինստիտուտների և կառույցների խորհրդատվությունը այսօր կարող է առավել շահեկան լինել: Մեր տնտեսությունը այս անցումային փուլում պահելու համար ևս 2-3 տարի ֆինանսական այդ օժանդակությունները հարկավոր են, որից հետո զարգացումը կապահովվի: Այլապես այսօր  7-8 տոկոսով ՀՆԱ-ի  աճը լիարժեք հենման կետ չի կարող լինել»:

Քննարկվել են նաև հանդիպման խնդրին ածանցյալ այլ հարցեր:

Share