Բաժին. Պաշտոնական

Նախարար Արշակյանը կարևորել է RIPE NCC-ում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնումը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 9-ին հանդիպել է «RIPE NCC» արտաքին հարաբերությունների կառավարիչ Քրիս Բակրիջի ու Կովկասի և Կենտրոնական Ասիայի մասով արտաքին հարաբերությունների տնօրեն Վահան Հովսեփյանի հետ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Հայաստանում «RIPE NCC» գործունեության մի շարք մանրամասներ։ Նշվել է, որ Հայաստանում «RIPE NCC» անդամ են 31 կազմակերպություններ, այդ թվում՝ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններ, բանկեր: Համագործակցություն է հաստատվել Հայկական ինտերնետ տրաֆիկի փոխանակման «ԱՐՄԻՔՍ» հիմնադրամի, Օպերատորների հայկական միության, «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի և այլ կառույցների հետ։

Կողմերը քննարկել են  Հայաստանում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների, ինտերնետի զարգացման, նաև տարածաշրջանային համագործակցության մի շարք հնարավորությունները։

Նախարարն ընդգծել  է կազմակերպության գործունեության և դրանում հայկական ընկերությունների ներգրավվածության ընդլայնման կարևորությունը։

Հակոբ Արշակյանը կարևորել է նաև  Հայաստանի տեխնիկական ուղղվածության բուհերի ուսանողների մասնակցությունը և ներգրավվածությունը «RIPE NCC» կրթական ծրագրերում։

«RIPE NCC»-ը Եվրոպայի և Ասիայի տարածաշրջանում Ինտերնետի կենսագործունեությունը և զարգացումն ապահովող  կառույց է։ Այն ունի մոտ 20.000 անդամ ամբողջ տարածաշրջանից և առանցքային դերակատարում ունի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների զարգացման և ինտերնետի կառավարման բնագավառներում։

Share