Բաժին. Պաշտոնական

ՀՀ-ն լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Գործադիրի որոշմամբ հոկտեմբերի 11-ի և 12-ի աշխատանքային օրերը կտեղափոխվեն, համապատասխանաբար, հոկտեմբերի 27-ը և նոյեմբերի 3-ը` շաբաթ օրերը: Աշխատանքային օրերի տեղափոխելը պայմանավորված է Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ընթացքում Երևան քաղաքի տրանսպորտի երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու անհրաժեշտությամբ:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը տեղեկատվություն է ներկայացրել, թե Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու երթևեկության համար:

Վարչապետը ներողություն է խնդրել հայրենակիցներից պատճառված անհանգստության համար և հորդորել այդ օրերին հնարավորության սահմաններում ավելի քիչ ավտոմեքենայով երթևեկել և օգտվել մետրոպոլիտենից: Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այդ կապակցությամբ անհրաժեշտ է տալ կոնկրետ հանձնարարական՝ այդ օրերին մարդկային մեծ հոսքը հավուր պատշաճի սպասարկելու համար:

«Բազմիցս արձանագրվել է, որ սա մեր երկրի Երրորդ հանրապետության պատմության համար աննախադեպ մասշտաբային իրադարձություն է և առանձնահատուկ կարևորություն ունի: Մենք պետք է բարձր մակարդակով անցկացնենք այս միջոցառումը»,-ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել նաև, որ մեր հայրենակիցները լավ կընդունեն և անհրաժեշտության դեպքում կաջակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած հազարավոր հյուրերին:

Վարչապետը համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլերը՝ մայրաքաղաքում անվտանգության մակարդակը բարձր պահելու համար և արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը լիարժեք պատրաստ է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին:

Share