Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյան. միկրոբիզնեսը պետք է ազատվի հարկերից

Միկրոբիզնեսը պետք է ընդհանրապես ազատվի հարկերից: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության իր եզրափակիչ ելույթում. նա փաստեց՝ դա միայն բարի ցանկություն չէ:

«Միկրոբիզնեսի հետևից գնալու դեպքում պետությունը վարչարարության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան այստեղից հարկ է ստանում: Այստեղ խնդիր կա շրջանառության հարկի փիլիսոփայության հետ կապված: Կան կարծիքներ, թե առևտրի հատվածը պետք է չօգտվի արտոնությունից , բայց ես դեմ եմ: Այս ամբիոնն օգտագործելով ուզում եմ դիմեմ գործարարներին և առաջ քաշեմ պետություն գործարար հատված համագործակցության հարցը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ առաջարկվում է հարկման շեմ սահմանել, որպեսզի դրանից ցածր և բարձր բիզնեսն այլ կերպ հարկվի: Թվում է, թե շատ լավ գաղափար է, սակայն Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ խնդիրներ են լինում:

«Ասենք կա ընկերություն, որն ունի 150 մլն դրամի շրջանառություն և մտածում է այն մասնատել, այնպես ներկայացնել, որպեսզի հարկ քիչ վճարի: Ստացվում է՝ նախաձեռնությունն իր նպատակին չի ծառայում: Դաշտն ավելի է խեղաթյուրվում: Հիմա ի՞նչ անի կառավարությունը, ընկնի բոլորի հետևի՞ց…դա չի կարելի. եթե իրավիճակ չի փոխվում, այդ մշակույթը չի փոխվում, ապա խնդիրը չի լուծվում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կողմ է, որ գյուղական խանութների հարկային բեռը զգալի թեթևացվի, դրա փոխարեն սահմանվի սիմվոլիկ գումար: Նա նշեց, որ նույն տրամաբանությամբ մտածում են անհատ տաքսիներին հարկից ազատելու մասին:

Share