Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած միակ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ քվեարկած միակ պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քիչ առաջ խորհրդարանում տեղի ունեցած վարչապետի ընտրության քվեարկությունը:

Միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Փաշինյանը իր ելույթի հենց սկզբում հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում՝ շեշտելով, որ Ազգային ժողովը չպետք է քվեարկի իր թեկնածության օգտին:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան», ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Ելք» խմբակցությունը հայտնեց, որ քվեարկելու են ձեռնպահ: Վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը ոչ մի պատգամավոր կողմ չքվեարկեց, 11 պատգամավոր ձեռնպահ էր քվեարկել, իսկ մեկ պատգամավոր՝ դեմ:

Ազգային ժողովի նիստերի արձանագրության անհատական քվեարկություններից պարզ է դառնում, որ դեմ քվեարկած պատգամավորը Սամվել Ալեքսանյանն է:

Քանի որ առաջին փուլով տեղի ունեցած քվեարկության արդյունքում վարչապետ չընտրվեց, խորհրդարանում ՀՀ վարչապետի ևս մեկ ընտրություն կկայանա առաջին փուլի ընտրության քվեարկությունից 7 օր հետո, որին մասնակցելու իրավունք կունենան պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն արձակվելու է իրավունքի ուժով:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական էր տվել հոկտեմբերի 16ին: Հրաժարականի նպատակը արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելն է: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի  ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական  ընտրություններ:

Share