Բաժին. Պաշտոնական

Երևանում նոյեմբերի սկզբին կանցկացվի «Yerevan Food Fest 2800» փառատոնը

Երևանում նոյեմբերի 1-6-ը տեղի կունենա հատուկ ձևաչափով «Yerevan Food Fest» փառատոնը՝ նվիրված «Էրեբունի-Երևան 2800» տոնին, որն իր տեսակով եզակի է, քանի որ մեկ հարթակի ներքո միավորելու է հատուկ հրավիրված փորձագետ և շեֆ-խոհարարների, սննդի ոլորտի մասնագետների, մեդիա ոլորտի ներկայացուցիչների, Հայաստանի սննդի ոլորտի տարբեր հատվածներում գործունեություն ծավալող անձանց, բլոգերների, բնակչության լայն զանգվածի և մայրաքաղաքի հյուրերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց «Yerevan Food Fest»-ի ղեկավար և հիմնադիր Աննա Մազմանյանը:

 «Փառատոնը այս ձևաչափով անցկացնում ենք առաջին անգամ: Այն կանցկացվի հինգ օր: Հանրության համար կկազմակերպվեն բաց դասընթացներ: Կլինեն ընթրիքներ՝ յուրաքանչյուրը նվիրված մեկ մարզի: Կունենանք նաև կինոդիտումներ, կցուցադրվի ուտելիքի, գինու և խոհարարների մասին չորս ֆիլմ: Ունեցել ենք հատուկ էքսկուրսիա Երևանի թանգարանում, որի շնորհիվ  մարդիկ ստացան տեղեկատվություն այն մասին, թե ինչ պատմություն ունի մեր քաղաքը այդ տեսանկյունից՝ ինչ շուկաներ, բաղադրատոմսեր են եղել ընդունված: Այս գործում մեզ շատ օգնում են այն խոհարարները, որոնք ունեն տեխնիկական փորձ և նոր գաղափարներ: Փառատոնի ժամանակ շեշտը դրվելու է ավելի շատ երկրում առկա  մթերքի և նրա համային եզակիության վրա, քան բաղադրատոմսի: Շատ հետաքրքիր հյուրեր և մասնագետներ ենք հրավիրել տարբեր երկրներից՝այդ թվում Ուկրաինայից, Ռուսաստանից, Հոլանդիայից: Հույս ունենք, որ  Երևանը կդառնա այն հարթակը, ուր մարդիկ կգան տարբեր երկրներից՝ նոր գիտելիքների, նոր գաղափարների, նոր համերի ու արտադրանքի համար: Այս փառատոնը շատ կարևոր է մշակույթի և գաստրոտուրիզմի կապը ապահովելու առումով: Այն մեր երկրի պատմության և մշակույթի մասին տեղեկատվություն տալու շատ պարզ ճանապարհ է»,- ընդգծեց Աննա Մազմանյանը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի որակի անվտանգության և վերահսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը նշեց. «Շատ կարևոր է նմանատիպ միջոցառումների դերը մեր իրականության մեջ: Ինքնին ոլորտը շատ կարևոր է թե՛ տուրիզմի զարգացման, և թե՛ հանրային սննդի ոլորտի զարգացման տեսանկյունից:

Ուրախացնում է այն փաստը , որ Երևանում օր օրի ավելանում են հանրային սննդի այն վայրերը, որտեղ մատուցվում են թե՛ ազգային ճաշատեսակներ, և ինչու չէ, ներկայացվում է այլ երկրների խոհարարական մշակույթը: Բայց, դրա հետ մեկտեղ, ևս մեկ անգամ կցանկանայի բարձրաձայնել սննդամթերքի անվտանգությանը վերաբերող հարցերը և կհորդորեի հանրային սննդի կազմակերպման պատասխանատուներին՝ չմոռանալ իրենց ուսերի վրա դրված պատասխանատվության մասին»:

Փառատոնն անցկացվում է արդեն երկրորդ տարին, ուղղված է Հայաստանի գաստրոտուրիզմի զարգացմանը և ոլորտի հայ ներկայացուցիչների՝ միջազգային մակարդակ բարձրանալուն, ռեստորանների և շեֆ-խոհարարների միջև միջազգային կապերի ամրապնդմանը, սպասարկման մշակույթի ձևավորմանը:

Share