Բաժին. Պաշտոնական

Արմեն Փամբուխչյանը ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչներին։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը մասնակցել են նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներմուծման արգելքի հետ առնչվող գերատեսչությունների պատասխանատուներ։

Նախորդ քննարկմամբ ձեռք բերված պայմանավորվածությամբ՝ նախաձեռնության ներկայացուցիչները պետք է ուսումնասիրեին խնդրի լուծման համար առաջարկված հնարավոր 3 տարբերակները և հանդես գային կոնկրետ առաջարկներով:

Նրանք ցանկանում են սահմանային անցակետում մեքենայի ղեկը վերասարքավորել ձախ, այդպես ներկրել Հայաստան, ստանալ պետական գրանցում, այսինքն` կատարել մաքսազերծում, այնուհետև ստանալ թույլտվություն, որպեսզի մեքենան վերասարքավորվի աջ ղեկային տեղաբաշխմամբ։

Նշվեց, որ այս դեպքում պետք է ՀՀ կառավարության կողմից կատարվի որոշակի իրավական ակտերի փոփոխություն։

Հնչեցին մի շարք այլ տեսակետներ ևս։

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ առաջիկա երկու օրերին խնդրին առնչվող բոլոր կողմերի հետ կքննարկվի ներկայացված առաջարկի նպատակահարմարությունը և կարվի համապատասխան հայտարարություն։

Share