Բաժին. Պաշտոնական

Ստորագրվել են Էներգետիկայի բնագավառի փաստաթղթեր՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում

Ղազախստանի  մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Ընդլայնված կազմով նիստի ընթացքում, ըստ օրակարգի,  քննարկվել են  մի շարք  հարցեր, որին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը:

Էներգետիկայի  բնագավառում, մասնավորապես, ստորագրվել է «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի ստեղծման դեպքում պատրաստակամություն ապահովելու գործում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության և հետևանքների վերացման գործում փոխօգնության մասին» համաձայնագիրը:

Փաստաթղթի նպատակն է ապահովել միջուկային ու ճառագայթային անվտանգություն, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման պարագայում նվազեցնել բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքները, ինչպես նաև պարզեցնել վթարավերականգնողական խմբերի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և անհրաժեշտ նյութերի տեղաշարժի ընթացակարգերը:

Ստորագրվել է նաև բարձր տեխնոլոգիական էներգետիկական սարքավորումների արտադրության զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության հայեցակարգը և  հիմնական միջոցառումների ծրագիրը:  Այդ համատեքստում նշվել է, որ տնտեսության տարբեր ճյուղերը մրցունակ սարքավորումներով և ծառայություններով ապահովելն ԱՊՀ մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, կարևոր խնդիրներից է:

Հայեցակարգը մատնանշում է ԱՊՀ մասնակից երկրներում արտադրված էներգետիկ սարքավորումների կիրառումը խթանելու հիմնական մոտեցումները, այդ ոլորտում երկրների համագործակցության հիմնական նպատակները, խնդիրները, սկզբունքները:

Փաստաթուղթն ուղղված է երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, էներգետիկական սարքավորումներ արտադրողների դիրքի ամրապնդմանը,  արտադրության և շահագործման ոլորտում համագործակցությանը, այդ շուկայի զարգացմանը:

Share