Բաժին. Պաշտոնական

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը որոշում է ընդունվել լրամշակել Սևանի տեղամասի աշխատակիցների պարգևատրման կարգի որոշ դրույթներ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն նոյեմբերի 6-ին հատուկ խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ընկերության Սևանի ուղեմասի ներկայացուցիչները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հանրային կապերի բաժնից, քննարկումների արդյունքում որոշում է ընդունվել լրամշակել գծի տնտեսության աշխատողների պարգևատրման կարգի որոշ դրույթները:

Պարգևատրումների համակարգի բարեփոխումները թույլ կտան էապես բարձրացնել ժամավճարների չափը և նվազեցնել պարգևների ազդեցությունը գծի տնտեսությունների աշխատակիցների աշխատավարձերի ընդհանուր մակարդակի վրա: Խորհրդակցության ընթացքում գծի աշխատողների ներկայացուցիչներին ներկայացվել են նախատեսվող փոփոխությունները:

Նոյեմբերի 5-ին՝ սպասվող բարեփոխումների մասին ցածր իրազեկվածության պատճառով, գծային տնտեսության աշխատողները մեկ օրով փակել էին երթևեկությունը երկաթուղու Սևանի ուղեմասում:

ՀԿԵ-ում միշտ դիտվում է աշխատանքի արտադրողականության և աշխատավարձերի աճ: Այսպես, 2018 թվականի հունվար-հոկտեմբերին միջին ամսական աշխատավարձի չափը տարեկան կտրվածքով աճել է 8,8%-ով: Հարավկովկասյան երկաթուղին նաև հանդիսանում է Հայաստանի Հանրապետության խոշոր գործատուներից մեկը՝ Ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Share