Բաժին. Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորներին շնորհակալագրեր է հանձնել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության՝ 2018թ. հոկտեմբերին Երևանում անցկացված 17-րդ գագաթնաժողովի աշխատանքներում ներգրավված կամավորների շնորհակալագրերի հանձնման արարողությանը: ՖՄԿ 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում աշխատանքների պատշաճ իրականացման, դրսևորած անմնացորդ նվիրումի և բարձր պատասխանատվության համար 800-ից ավելի կամավոր պարգևատրվել է շնորհակալագրերով: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Շնորհակալություն հայտնելով կամավորներին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում կատարած աշխատանքի համար՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ո՞րն է ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը. երբ մինչ օրս ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից երկրների ղեկավարների հետ տպավորություններով կիսվում ենք, նրանք ասում են, որ, իհարկե, շատ բարձր են գնահատում գագաթնաժողովի կազմակերպման մակարդակը, ինչի համար ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև կառավարության ներկայացուցիչներին, կազմկոմիտեի անդամներին: Բայց նրանք ամենից շատ ընդգծում էին, որ ամենամեծ տպավորությունը և էներգիան ստացել են մարդկանցից: Այս գնահատականի համար ամենամեծ ներդրումն ունեցել եք հենց դուք, որովհետև դուք այն մարդիկ եք, ովքեր առաջին հերթին շփվել են, ընդունել են, ուղեկցել են, ճանապարհել են, բացատրել են գագաթնաժողովի մասնակիցներին, օգնել են կողմնորոշվել տեղանքում: Նրանք, ի դեմս ձեզ, տեսել են լուսավոր, պայծառ, ուժեղ, դրական մարդկանց և ձեր աչքերում տեսել են ուժեղ, պայծառ, դրական և մեծ ապագա ունեցող երկիր: Սա է ՖՄԿ գագաթնաժողովի և ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր արդյունքը:

Այսպիսով, կարող ենք ասել, որ նաև ձեր կատարած աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը, ի վերջո, սկսել է ընկալվել նաև որպես մարդկանց երկիր: Մեր երկիրը շատ հարստություններ ունի, որոնց մասին՝ մեր պատմության, մշակութային արժեքների, պատմական հուշարձանների, գրականության, երաժշտության մասին գիտեն շատերը: Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա արձանագրեցինք, որ Հայաստանի Հանրապետությունը մարդկանց երկիր է, ազատ, ստեղծագործող, պայքարող, հաղթող և հյուրընկալ մարդկանց երկիր, ովքեր կարող են ընդունել, իրականացնել և հաջողությամբ ամփոփել այդպիսի բարձր մակարդակի միջազգային իրադարձություն, որը մեր երկրի անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային իրադարձությունն էր:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ձեր կատարած կամավորական աշխատանքի համար: Դա անգնահատելի ծառայություն է, որ մատուցել եք մեր հայրենիքին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և շատ ուրախ եմ այսօրվա ձեր բարձր տրամադրության համար: Խոնարհվում եմ ձեր կատարած աշխատանքի առաջ: Շնորհակալ եմ, դուխով և այդպես շարունակեք»:

Share